Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հուսանք` Ձեր հոգու խորքում ընդունում եք, որ չեք հավաքել անհրաժեշտ քվե

Հուսանք` Ձեր հոգու խորքում  ընդունում եք, որ չեք հավաքել  անհրաժեշտ քվե
15.03.2013 | 00:01

Ցավալի է, երբ ժողովուրդը դառնում է անկառավարելի, երբ միջակությունները և անհավասարակշիռ տգետները քարեր են նետում մեծությունների վրա: Կարդում ես լրագրերը, կայքէջերը և ապշում մարդկանց անլրջությունից, անտեղի ժողովրդահաճությունից, ենթադրյալ կեղծիքները մեծածավալ կեղծարարության վերածելու մոլեռանդությունից: Մեծամասշտաբ կեղծարարությամբ ու անհանդուրժողականությամբ մոլորվածները մեղադրում են ազնվասիրտ, հայրենասեր, հանճարեղ Շառլին, մեծ մտավորականներ, հայրենիքի բախտով մտահոգ Սոս Սարգսյանին, Ռազմիկ Դավոյանին, հայ հոգևոր առաջնորդներին, նաև ողջ աշխարհի ղեկավարներին` ինչպես եք համարձակվում շնորհավորել Սերժ Սարգսյանին` որպես ընտրված նախագահի. զարմանք բան է, ողջ աշխարհը ճանաչում է ընտրությունների իրավաչափ լինելը, բացի օրուգիշեր ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ճամարտակող, ժողովրդական զանգվածներին հրահրող «հրապարակախոսներից» և նրանց ձայնակցող ալիևշչինայից:
Ափսոսանքով հարկ է արձանագրել, որ հայրենասեր, ազնիվ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը ոմանց կուսակցական շահերի, որոշ կռվազան, հոխորտացող նախկին ու ներկա պատգամավորուհիների ու պատգամավորների պատանդն է դարձել: Լիովին գնահատելի է, որ Հովհաննիսյանը հիմնականում արտահայտվում է բարեկիրթ, հավասարակշռված, բայց դա բոլորովին էլ բավարար չէ, քանզի իր համակիրները շատ հաճախ դառնում են անկառավարելի, որը ժողովրդին կարող է վերածել ամբոխի: Այսպես. թեկնածուի համակիր ուսանողները ստրուկ, քծնող և այլ վիրավորական արտահայտություններ են հասցեագրում այն ուսանողներին, որոնք ընտրված նախագահի համակիրներն են և չեն ցանկանում ուսման գործընթացի հաշվին մասնակցել ցույցերին: Ոմանք էլ, այդ թվում` ատելատենչ ու ոխակալ որոշ պատգամավորներ, անպատասխանատու մեղադրանքներ են հնչեցնում ընտրված նախագահի հասցեին:
Սերժ Սարգսյանը 25 տարի է` ժողովրդի աչքի առաջ է, աճել, դարձել է բազմափորձ պետական գործիչ և ուրեմն, ինչու թեկնածուն, որն առանձնապես ակնհայտ ծառայություններ դեռևս չունի, կարող է հավաքել 540 հազար քվե, իսկ գործող նախագահը չի կարող հավակնել, ասենք, գոնե 760 հազար քվեի. ընդ որում, պետք է ազնիվ լինել և նկատի առնել, որ այդքան համակիր ունեցող նախագահին հասցեագրված անհիմն ու հաճախ շատ վիրավորական մեղադրանքներն ուղղված են նաև նրան ընտրած ժողովրդին:
Ափսոսանքով եմ նաև արձանագրում, որ ժողովրդի սիրելի երգիչը, առանց խղճի խայթի, հրապարակում ժողովրդահաճ ելույթ է ունենում, հայտարարելով` Սերժը Ադրբեջանի ծայրագավառ Ղարաբաղում եղել է կոմսոմոլ, Կևորկովի աջ թևը, այնուհետև էլ ծառայել Բաքվում: Սիրելի երգիչը իր հրաշալի երգերով սերունդներ է դաստիարակում, իսկ հրապարակում... Իսկ այդ բռնատիրական երկրում ո՞վ կոմսոմոլ չի եղել. արցախյան սրբազան պայքարում հերոսաբար զոհված հազարավորները եղել են կոմսոմոլ և կամա, թե ակամա աշխատել ու ծառայել են կևորկովյան Ղարաբաղում: 250 հազար հայեր էլ ապրել ու ծառայել են բաղիրովյան-ալիևյան Բաքվում, որոնց շարքերում եղել են հազարավոր տաղանդավոր, շնորհալի մեր հայրենակիցները. և պարզապես տգիտություն է շարունակաբար ցինիկորեն «ղարաբաղցի» արտահայտությունը շահարկելը. ինչպես տաղանդավոր զորավար և հրաշալի հայ Ազգալդյանն էր ասում` «Արցախը Հայաստան է և վերջ»: Այո, ոչ միայն Հայաստան է, այլև տաղանդների, հերոսների, հայրենասերների բնօրրան, որտեղ հայը դարերով ավելի քան հայ է մնացել` իր հայեցի բառ ու բանով, իր գենետիկայով, ավելի, քան որևէ այլ հայաբնակ գավառում:
Չեմ կարող չանդրադառնալ սիրելի երգչի «գարշահոտ թանի ու անարատ մածնի» երևակայական արտահայտությանը. երևակայական, քանզի մածունն ուտելուց հետո թերևս հարկ կլինի շուրթերը լիզելու... Արժե ավելի խորախորհուրդ լինել և մտորել` արդյոք երկրի նախագահը ստիպված չի լինում չբարձրաձայնվող ռազմաքաղաքական քայլեր անել, թեկուզ ժողովրդի այսօրվա սոցիալ-տնտեսական շահերի հաշվին, բայց հանուն ընդհանուր հայրենիքի, հայ ազգի վաղվա անվտանգության: Վերջապես պետք չէ մոռանալ, որ շրջապատված ենք ոխերիմ թշնամիներով և ոխերիմ բարեկամներով. բարեկամներ, որոնք կասկածելի լռությամբ, անորոշ դիվանագիտությամբ ձևանալով բարեկամ, դիպուկահարներ են ուղարկում մեր թշնամու բանակ, իսկ ինչպես պարզվեց օրերս, նույնիսկ ջոկատներ:
Հուսանք, որ նախագահի թեկնածուն ավելի կառավարելի և բարեկիրթ կդարձնի ժողովրդական զանգվածներին, թույլ չտալով վերածվել ամբոխի, քանզի ոմանք արդեն սպառնում են ոչնչացնել մեծ հայրենասեր Շառլի հուշաքանդակը, ազնվասիրտ մի մարդ, որը այնքան բան է արել հենց գյումրեցիների համար և մեր ազգի անառարկելի պատիվն է ողջ աշխարհում:
Շատ է խոսվում իշխանություններից դժգոհ ժողովրդական զանգվածների մասին. իսկ աշխարհի ո՞ր երկրում են ժողովրդի բոլոր խավերը գոհ իշխանություններից: Չկա այդպիսի երկիր, վկա ամենուրեք կատաղի պայքարով ընթացող նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Մի բան ակնհայտ է` ժողովուրդը միշտ էլ ուզում է է՛լ ավելի լավ ապրել, նրա պահանջները միշտ էլ ավելին են, քան իշխանությունների հնարավորություններն են, մանավանդ մեր շրջափակված հայրենիքում:
Հարգելի Հովհաննիսյան, հուսանք` Ձեր հոգու խորքում ընդունում եք, որ չեք հավաքել անհրաժեշտ քվե: Կարծում ենք, ի վերջո, ճիշտ հետևություն կանեք և համերաշխության ձեռք կմեկնեք ընտրված նախագահին` այս աշխարհաքաղաքական քաոսում մեր հայրենիքը զերծ պահելով անցանկալի ցնցումներից:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, մենք ընտանիքով քվեարկել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին` հուսալով, որ ընտրական գործընթացները կանցնեն անցնցում, քաղաքակիրթ, բարեկամական մթնոլորտում:

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ